Posted in Ընթերցարան, Uncategorized

Ապրիլի 14․

Բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է․․․
Սահյանական ընթերցումներ


ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։
Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

ԱՄՊՐՈՊԻՑ ՀԵՏՈ

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի․․․

ԱՄԵՆ ԻՆՉԻՑ

Այս ձորերում ամեն ինչից
Օրորոցի հոտ է գալիս,
Պապենական սուրբ օջախի
Ծուխ ու բոցի հոտ է գալիս,
Արմատի հոտ, բողբոջի հոտ
Ու խեժի հոտ տոհմածառի,
Վարող-ցանող հոր ձեռքերի
Ու մոր ծոցի հոտ է գալիս։

ՔՈ ՇՐԹՈՒՆՔՆԵՐԸ…

Քո շրթունքները հայաստանոտ են,
Հայաստանոտ են քո շշուկները,
Քո ժպիտներն ու արտասուքները
Հայաստանոտ են։
Հայաստան հյուսող քո այդ ձեռքերը,
Քո արդեն գրված ու դեռ չգրված
Բոլոր երգերը հայաստանոտ են։
Հայաստանոտ են քո ապրած կյանքի
Բոլոր էջերն ու ելևէջները։
Քո տանջանքներն ու երազանքները
Հայաստանոտ են…
Եվ դու այնքան ես հայ ու Հայաստան,
Որ մինչև անգամ Հայաստանից դուրս
Քո անցած բոլոր ճանապարհները
Հայաստանոտ են։

ԱՇՆԱՆ ՀՐԴԵՀՆ Է ԳԱԼԱՐՎՈՒՄ
Աշնան հրդեհն է գալարվում
Ձորալանջերն ի վար։
Ո՛չ մեռնելու ուժ է ճարում,
Ո՛չ փրկության հնար
—Ու դողում է հասակով մեկ
Մանկությունս վայրի,
Վախենում է՝ հրդեհի մեջ
Ցնցոտիներն այրի։

ԱՇԽԱՐՀՆ ԻՄ ՄԵՋ
Աշխարհն իմ մեջ, ես՝ աշխարհի,
Գարունն իմ մեջ, ու ես՝ գարնան,
Արևն ուրախ, օրը բարի,
Երազն անհուն, անհանգրվան…

Մերժեմ օրենքն անհնարի,
Գնամ, նորից վերադառնամ,
Տեսնեմ աշխարհն այսքան բարի,
Գարունն իմ մեջ, ու ես՝ գարնան․․․

ՈԻՐ ՈՐ ՆԱՅՈԻՄ ԵՄ
Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
Քարե արցունք է, քարե ժպիտ,
Քարե սարսուռ է ու քարե սունկ է,
Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։
Քարերի վրա քարե վագրեր են,
Ուր որ է պիտի պատռեն իրար։
Քարե երգեր են, քարե վանքեր են,
Քարե հավքեր են քիվերն ի վար։
Քարե մրրիկ է ու քարե բուք է,
Քարե բողոք է ու քարե բերդ,
Քարե շեփոր է, քարե թմբուկ է,
Քարե թափոր է, քարերի երթ…
Քարե ընդվզում, քարե տանջանք է,
Քարե ավար է, առևանգում…
Քարե զարմանք է ու զարհուրանք է,
Քարե թռիչք է, քարե անկում։
Քարե ամպրոպ է ու ծիածան է,
Քարե լծկան է ու քարե մաճ.
Քարե մագաղաթ, քարե մատյան է,
Քարե խորհուրդ է ու քարե խաչ։
Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր,
Որ մեզ քարերը տվիր նվեր,
Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր,
Ու երկարում է քարերն ի վեր։

ՊԱՊՍ
Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

Մեր Լեզուն

Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար 
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին 
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:

Ախր, ես ինչպես․․․

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Ձկնիկն առվին խուտուտ տվեց․․․
Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով

Leave a comment